(սկիզբը`այստեղ)
(Դմիտրի Վոլկոգոնովի «Յոթ առաջնորդներ» գիրքն ընթերցելիս)
Ստալինը միշտ մի տեսակ խանդով և նախանձով էր վերաբերվում Չերչիլին, նրա արիստոկրատ, ազնվական ծագմանը, բացառիկ կրթվածությանը, խելքի և մտածողության բարձր մակարդակի դրսևորումներին: Նա շատ լավ զգում էր, որ իրեն չի հաջողվում «ֆռռացնել» Չերչիլին: Իսկ Չերչիլն էլ իր հերթին շատ լավ հասկանում էր, որ մարշալ Ստալին դարձած նախկին «գողական» Կոբան ու այդ ժամանակվա Պախանը բոլորովին էլ պարզամիտի մեկը չէ և իր դիվային խելքով ու սատանայական էությամբ ոչ միայն մեծ ուժ է ներկայացնում, այլև շատ վտանգավոր սպառնալիք է արևմտյան քաղաքակրթական ու ժողովրդավարական արժեքների համար և պետք է անպայման զսպել նրա ախորժակն ու ծավալապաշտական մոլուցքը:
Ստալինը կյանքի վերջին տարիներին, անշուշտ, մտածում էր, թե ինչ կլինի իրենից հետո և ով կարող է լինել իր հետնորդ-ժառանգորդը: Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում նման դեպքերում: Ստալինը երբեք չէր կարող հանդուրժել իր շրջապատում որևէ վառ, տաղանդավոր անհատականության ներկայություն, մանավանդ կարիերիստական հակումների դրսևորումներով: Մյուս կողմից` իշխանությունը կարող էր փոխանցվել միայն հենց «շրջապատից» որևէ մեկին: Ստալինը ինքն էլ էր տեսնում, որ եղած-չեղած գորշ միջակությունների մեջ ամենաուժեղը, իր իսկ բնորոշմամբ, «բորենու և շնագայլի խառնածին» Լավրենտի Բերիան է: Բայց և հասկանում էր, որ Ռուսաստանի գլխին իրար հաջորդող երկու վրացի «ցար» ունենալը մի քիչ շատ է, կլիներ «перебор»:
Տարիներ շարունակ պետության երկրորդ դեմք էր համարվում Մոլոտովը, որը, սակայն, Ստալինի կյանքի վերջին 3-4 տարիներին դուրս մղվեց այդ դիրքից, և այնտեղ հայտնվեց Գեորգի Մալենկովը, որն աչքի չէր ընկնում կամային բարձր որակներով, թույլ բնավորության տեր էր և իր արտաքին կնանման տեսքով առանձնապես չէր համապատասխանում «առաջնորդի» դերին:
Լավրենտի Բերիան, իրոք, մեծ ուժ էր ներկայացնում, և քաղբյուրոյում լավ էլ հասկանում էին, որ նա ոչ միայն ձգտելու է սեփական դիկտատուրան հաստատելու, որը միայն ժամանակի հարց էր, այլև դամոկլյան սրի պես կախված է նրանցից յուրաքանչյուրի գլխին:
Խրուշչովը լուրջ մրցակից չէր դիտվում, նրան նայում էին որպես «մուժիկի», և նա հիանալի օգտագործեց իրադրությամբ ստեղծված իր համար շահեկան բոլոր գործոններն ու հնարավորությունները: Նախ, Ստալինի մահից չորս ամիս էլ չէր անցել, երբ նա, ցուցաբերելով նախաձեռնություն և անձնական խիզախություն, ձեռնամուխ եղավ և հաջողությամբ իրականացրեց Բերիայի ձերբակալումն ու ոչնչացումը:
Արդեն 1953 թ. սեպտեմբերի սկզբին, զբաղեցնելով կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, Խրուշչովին հաջողվեց երկրում երկիշխանություն հաստատել, իսկ շատ շուտով նա կարողացավ Մալենկովին «բրթել-հրել» ու ցած գցել իշխանության գագաթից: Միանձնյա լիդերության իր հավակնությունները նա ճարպկորեն քողարկեց պետական և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում «կուսակցության դերի ամրապնդման անհրաժեշտությամբ»:
Արդեն 1953 թ. վերջին նա իրեն զգում էր ոչ միայն որպես կուսակցության, այլև պետության առաջին դեմք:
Եվ հենց այդ ժամանակ նա կայացրեց կամակոր, չմտածված և, ինչպես հետագայում պարզվեց, շատ ծանր ու ցավալի հետևանքներով հղի որոշումը՝ Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից ՈՒկրաինային հանձնելը: Նա նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ ԽՍՀՄ-ը երբևէ կփլուզվի և իր այդ անխոհեմ քայլը խնդիրներ կստեղծի Ռուսաստանի և ՈՒկրաինայի հարաբերություններում:
Դա միանձնյա որոշում էր, որի կայացման պատճառները մինչ օրս լրիվ պարզ չեն։ Կան միայն ենթադրություններ, որոնք թեև շատ «խելքի մոտ» են, բայց, այնուամենայնիվ, ենթադրություններից ավելին չեն: Մի բան շատ պարզ է. Նիկիտան լրիվ զուրկ էր պատմության և պատմականության զգացողությունից և գիտակցումից: Նա ոչ միայն քիչ թե շատ ռեալ պատկերացում չուներ մոտ ապագայում սպասվելիք, լրիվ կանխագուշակելի իրադարձությունների, փոփոխությունների մասին, այլև հենց «այսօրվա ու վաղվա» մասին: Նա շատ իմպուլսիվ բնավորություն ուներ և շատ հաճախ էր տակտիկական բնույթի որոշումներ կայացնում պահի ազդեցության տակ՝ առանց հետևանքների մասին մտածելու: Այդ տեսակետից նա շատ նման էր իր սիրած Լենին-Մունդռիկին, ոչ թե իր չսիրած Ստալինին, որը սովորություն ուներ «ծանրութեթև» անելու, հետևանքների մասին մտածելու և որոշումներ կայացնելիս լայնախոհ, ավելի կշռադատված և ռազմավարական մոտեցումներ դրսևորելու:
Նա շատ նման էր Մունդռիկին նաև եկեղեցու, հոգևորականության, առհասարակ հավատի նկատմամբ իր սանձարձակ, խուլիգանական, անմարդկային վերաբերմունքով:
Խրուշչովը պատկանում էր բոլշևիկյան ղեկավարների երկրորդ, հետհեղափոխական սերնդին: Նրանք հիմնականում կիսագրագետ մարդիկ էին, որոնք ընդամենը կարճաժամկետ բանֆակների դասընթացներ էին անցել: Ճիշտ է, մի որոշ ժամանակ Նիկիտան սովորել էր Ստալինի անվան արդյունաբերական ակադեմիայում, բայց դա նրա գրագիտությունը չէր ավելացրել: Նա չէր կարողանում նույնիսկ գրագետ մակագրություն դնել փաստաթղթերի վրա: Դ. Շեպիլովը պատմում է, որ Խրուշչովը նույնիսկ այսպիսի մակագրություն էր անում` «Азнакомица».... Գրագիտությամբ և կրթվածությամբ բոլորովին չէր փայլում նաև բոլշևիկյան քաղբյուրոն. կար ժամանակ, որ նրա անդամներից ամենաբարձր կրթական ցենզ ունեցողը անասնաբուժական ուսումնարանի շրջանավարտ էր:
Խրուշչովի բախտը չէր բերել մեկ ուրիշ հարցում. այդ տարիներին աշխարհի քաղաքական բեմահարթակում էին շատ ճանաչված և հեղինակավոր դեմքեր` Էյզենհաուեր և Քենեդի, Չերչիլ, Իդեն և Մաքմիլան, դը Գոլ և Պոմպիդու, Ադենաուեր և Էրհարդ, Ջավահառլալ Ներու և Գոլդա Մեիր, որոնց կողքին կրկեսի ծաղրածուի կերպարանքով ցմփորիկ այս ինքնակոչ «առաջնորդը» բոլորովին չէր «նայվում»:
Վոլկոգոնովը շատ հաճախ Խրուշչովի անվան դիմաց ավելացնում է «ռեֆորմատոր» բառը: Համարձակվում եմ չհամաձայնել մեծարգո Դմիտրի Անտոնովիչի հետ: Իմ համեստ կարծիքով, Խրուշչովը, մեծ հաշվով, ռեֆորմատոր չէր և չդարձավ: Ամբողջ հոգով ու սրտով, մինչև ուղնուծուծը լինելով ուղղափառ լենինյան, նա թեև Ստալինին չէր սիրում, բայց որքան էլ տարօրինակ հնչի, իր էությամբ ստալինական էր (Հունգարիայի, Նովոչերկասկի արյունը ձեզ վկա): Ասվածը մի քիչ բառախաղի նմանվեց, բայց դա ավելի շուտ իրատեսական գնահատական է (խնդրում եմ չկապել թերթի անվան հետ), քան բառախաղ: Պայքարելով իր նմանների դեմ և ավելի «շուստրի» լինելով, Նիկիտան հաղթեց նրանց, բայց թե ինչ պիտի աներ բյուրոկրատական համակարգի հետ կամ էլ, առանց զանգվածային տեռորի դիմելու, ինչպես աշխատեցնել չաշխատող տնտեսությունը, նա չգիտեր և այդպես էլ չիմացավ:
Նա պատմության մեջ մտավ սկանդալային, մինչև հիմա որպես խայտառակ պահվածքի նմուշներ հիշեցնող արարքներով:
Դեռ 1955 թվականին, խորհրդա-գերմանական բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ նա բոլոր մասնակիցներին զարմացրեց մեծ եվրոպացու, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում հսկայական հեղինակություն վայելող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Կոնրադ Ադենաուերի նկատմամբ անպարկեշտ, դիվանագիտական էթիկետի կոպիտ խախտումներով իր պահվածքով:
Մինչև հիմա հաճախ են հիշում նրա անվայել պահվածքը Մանեժի ցուցահանդեսում մեծատաղանդ արվեստագետ, քանդակագործ Էռնեստ Նեիզվեստնու և գրողներ Անդրեյ Վոզնեսենսկու և Վասիլի Ակսյոնովի հետ հանդիպման ժամանակ: Իսկ երբ Մերձմոսկովյան հանգստավայրում մտավորականության հետ հանդիպման ժամանակ բացահայտ նվաստացման էր արժանացրել հրավիրված մտավորականներին, միայն «ամբարիշտ պառավի»՝ Մարիետա Շահինյանի ցուցադրական դեմարշը փրկեց ռուս մտավորականության պատիվը:
Նիկիտայի բիրտ, անօրինական միջամտությամբ շատ խիստ պատժի արժանացավ 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլային տաղանդներից մեկը՝ Էդուարդ Ստրելցովը, խեղվեցին նրա ճակատագիրն ու կարիերան և մինչ օրս էլ ապացուցված չէ նրա հանցանքը, այլապես նրա անունով չէր կոչվի Մոսկվայի կարևոր մարզադաշտերից մեկը և չէր կանգնեցվի նրա հուշարձանը:
Նույն 1958 թ. նա խայտառակ վայնասուն բարձրացրեց, երբ մեծ բանաստեղծ Բորիս Պաստեռնակը իր «Դոկտոր Ժիվագո» տաղանդավոր վեպի համար արժանացավ Նոբելյան մրցանակի: Էլ մոլախոտ, էլ ծախու գրչակ, էլ քոսոտ ոչխար, էլ գրական վլասովական, էլ ինչ ստոր գնահատականների ասես որ չարժանացրին մեծ բանաստեղծին բոլոր տեսակի կապովի շներն ու հաչողները, որոնցից ոչ մեկը, իհարկե, չէր էլ կարդացել այդ վեպը: Այդ սանձարձակ, անբարոյական, անմարդկային կամպանիայի պատճառով Պաստեռնակը ստիպված եղավ հրաժարվել մրցանակից և այնպես թունավորվեց նրա կյանքը, որ դրանից հետո նա երկու տարի էլ չապրեց:
Դրա փոխարեն Նիկիտան գովաբանում և պաշտպանում էր այնպիսի մի ստոր ու փուչ արարածի, ինչպիսին էր «ակադեմիկոս» Տրոֆիմ Լիսենկոն:
Այդ տարիներին, վալյուտային գործարքների համար, ձերբակալվել էր ոմն Յան Ռոկոտով (մականունը՝ Կասոյ): Գործող օրենքով նրան բավական երկար ժամկետով ազատազրկում էր սպառնում, որը, Նիկիտա Սերգեևիչի կարծիքով, շատ մեղմ պատիժ էր: Եվ ի՞նչ: Ամբողջ աշխարհի աչքի առաջ նա ծաղրուծանակի ենթարկեց իր երկրի իրավական համակարգը, փոխեց գործող օրենքը՝ խախտելով «օրենքը հետադարձ ուժ չունի» իրավական հիմնարար դրույթներից մեկը, որ ինչ-որ մի «վալյուտչիկի» դատապարտի մահվան, որն էլ անմիջապես ի կատար ածվեց:
Նիկիտան նաև հիշաչար էր և չէր մոռացել, որ ՍՄԿԿ ԿԿ պլենումներից մեկի ժամանակ Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը համարձակվել էր պաշտպանել իր արժանապատվությունը նրա հանիրավի և անտակտ վիրավորանքներից: Հենց Խրուշչովի ցուցումով Երևան գործուղված, նրա «ինստրուկտաժով» զինված Պ. Պոսպելովը ղեկավարեց ՀԿԿ ԿԿ պլենումը, որտեղ շմավոնառուշանյանների ոհմակը և նրան միացած մի քանի մոլորյալներ ուղղակի անմարդկային հաշվեհարդար տեսան երկար տարիներ Հայաստանը ղեկավարած, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, մի արժանապատիվ մարդու, որի հսկայական ծառայությունները և իրական վաստակն ու մեծությունը կարողացանք գնահատել միայն տարիների հեռվից: (Ես հաճախ եմ զրուցել ավագ սերնդի մարդկանց հետ և չեմ հիշում գոնե մի դեպք, երբ նրանցից մեկնումեկը մի լավ խոսք ասած լինի տգետ, չարամիտ, հիվանդագին կարիերիստ այդ «կարկառուն կուսակցական գործիչ» Շմավոնի մասին կամ էլ հիշեին նրա արած որևէ լավ, բարի գործ: Մինչդեռ Գրիգոր Արտեմի Հարությունյանին բոլորը հիշում էին երախտագիտությամբ, թվարկում նրա բազում-բազում լավ գործերը, բայց և չէին կարողանում թաքցնել ափսոսանքի ու ամոթի զգացումը, քանզի համարյա բոլորը գիտեին աշխատանքից ազատելիս նրա նկատմամբ ցուցաբերված ապերախտ, անմարդկային, հայ մարդուն անվայել վերաբերմունքի մասին: Եվ ինչպես չհիշես հանճարեղ լոռեցուն. «Գործն է անմահ, լավ իմացեք....»: Ես կուզեի, որ «Իրատեսը» հանգամանալից անդրադառնար տխուր, ցավալի և խիստ ուսանելի այս պատմությանը, որի շատ մանրամասներ նկարագրված են պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Գրիգոր Հարությունյանի ժամանակը» մեծարժեք եռահատորում:
Մարշալ Գեորգի Ժուկովը շատ մեծ ծառայություններ էր մատուցել Խրուշչովին (Բերիային ձերբակալելիս, Մալենկովի, Մոլոտովի, Կագանովիչի հակակուսակցական խումբը մեկուսացնելիս, երբ կազմակերպեց ՍՄԿԿ ԿԿ անդամների ժամանումը Մոսկվա, և հենց այդ պլենումի ընթացքում իր ելույթով ու պահվածքով): 1956 թ. Հունգարիայում ժողովրդական ապստամբությունը արյան մեջ խեղդելու(*) և ծննդյան 60-ամյակի առթիվ Ժուկովն արժանացավ Սովետական Միության հերոսի 4-րդ ոսկե աստղին:
Բայց Խրուշչովը վախենում էր Ժուկովից՝ կասկածելով նրան ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրություն ունենալու մեջ, և այդ պարգևատրումից շատ չանցած, նրան մեղադրելով բոնապարտիզմի մեջ, հաջողեցրեց ուղարկել թոշակի: (Ժուկովը միշտ արժանացել է «առաջնորդների» հատուկ վերաբերմունքին. Ստալինը խանդում էր, Խրուշչովը՝ վախենում, Բրեժնևը՝ նախանձում):
ՈՒզում եմ իմ հարգելի հայ ընթերցողներին ներկայացնել մեզ համար շատ հետաքրքիր հետևյալ հատվածը Դ. Վոլկոգոնովի երկհատորյակի «Երրորդ «առաջնորդը» գրքից: Ահա այն. «Խրուշչովը մեկ անգամ ևս հանդիպեց Մաո Ցզեդունի հետ 1959 թ. հոկտեմբերի 2-ին: Սովետական լիդերին ուղեկցում էին Մ. Սուսլովը և Ա. Գրոմիկոն: Չինական կողմից ներկա էր ամբողջ բարձրագույն ղեկավարությունը: Հանդիպումը անցավ լարված, ամբողջը փոխադարձ մեղադրանքներով:
Խրուշչովը ծաղրեց Հնդկաստանի հետ կոնֆլիկտի չինական վերսիան: «Մեր դիտարկմամբ,- հայտարարեց նա,- հինգ կիլոմետր ավելի կամ հինգ պակաս՝ կարևոր չէ: Ես օրինակ եմ վերցնում Լենինից, որը Թուրքիային տվեց Կարսը, Արդահանը և Արարատը: Եվ մինչ այժմ մեզ մոտ` Անդրկովկասում, մարդկանց մի մասի մեջ կա որոշակի դժգոհություն Լենինի այդ միջոցառումներից: Բայց ես նրա գործողությունները համարում եմ ճիշտ»:
Ահա թե ինչ... Մեկնաբանությունների համար ես հաճույքով խոսքը կտայի քյավառցի կամ «սրսուռ» ապարանցի իմ «պերճախոս» բարեկամներին... Բայց ափսոսում եմ, որ այս դեպքում նրանց «պերճախոսությունները» չեն կարող տեղ գտնել «Իրատեսի» էջերում:
Դե ինչ, բոլշևիկը մնում է բոլշևիկ: Մունդռիկի աշակերտը հավատարիմ է իր Մունդռիկ ուսուցչին և նույնիսկ այնպիսի նողկալի ու ստոր արարքն է համարում ճիշտ, երբ ոտնահարվում էին պատմական արդարությունը և մի ամբողջ ժողովրդի օրինական շահերն ու իրավունքները, հաշվի չառնելով նույնիսկ տարրական տրամաբանությամբ թելադրված պահանջը՝ դու պարտավոր ես պաշտպանել քո պետության մեջ մտնող հանրապետության կենսական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, այլ ոչ թե ավանակի համառությամբ և անսքող լպիրշությամբ արդարացնել մոլագար ուսուցչիդ ստորագույն արարքը: Եվ վերևի մեջբերումը մեկ անգամ ես ցույց է տալիս, որ այս երրորդ «առաջնորդ» Նիկիտան, լինելով ուղղափառ լենինյան, բացարձակորեն զուրկ էր պատմականության զգացումից, իր երկրի ռազմավարական շահերի գիտակցումից: ՈՒղղակի ապշել կարելի է այս «առաջնորդի» «խորաթափանց» մտքի փայլատակումներից. մի՞թե նա երբևէ քարտեզին չի նայել կամ եթե նայել է, ո՞նց է որ իր «հզոր» ուղեղով չի կարողացել պարզագույն աշխարհագրական խնդիր լուծել՝ մի՞թե կարելի էր Նախիջևանի մարզը թողնել Ադրբեջանի կազմում. չէ՞ որ մեր հարազատ Գողթան գավառը պետք է անխորտակ պատնեշ լիներ պանթուրքիզմի ճանապարհին, հուսալի արգելափակիչ նրա ագրեսիվ ծավալապաշտական նպատակների առաջ: (Ի տարբերություն Նիկիտայի ու նրա ուսուցիչ Մունդռիկի, Թուրքիայի ղեկավարները գնացին նույնիսկ ոչ համարժեք տարածքային փոխանակման Իրանի հետ, որպեսզի սսահմանակից լինեն Նախիջևանին):
* Այդ «սխրագործության» համար նա օրենքով պետք է կանգներ Հաագայի միջազգային դատարանի առաջ և արժանանար ցմահ ազատազրկման:
(շարունակելի)
Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ